Հասարակություն Քաղաքականություն

Ուժը ծնել է իրավունք. հայկական պատասխանն Ալիևին

Загрузка...
364 просмотров

«Առաջին լրատվական»

Ուժն է ծնում իրավունք, ղարաբաղյան կարգավորման գործընթացի առումով հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ասելով, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվի տարածքային ամբողջության պայմանից: Ադրբեջանի նախագահը ասում է ամենևին ոչ նոր, սակայն պարզ ու հասկանալի բաներ, ընդ որում, ինչքան էլ տարօրինակ չհնչի՝ իրավացի բաներ: Արցախյան հարցը չունի այլ լուծում, քան ուժայինը, երբեք չի ունեցել և չի ունենալու: Այլ է հարցը, թե ինչ է ուժը: Ուժը դա մի շարք գործոնների համախումբ է, որոնք կազմում են պետության դիմադրունակության համակարգը: Դա ուժեղ տնտեսությունն է, ուժեղ բանակը, ուժեղ հանրությունն իր արժեհամակարգով և մշակույթով, և ուժեղ սոցիալական ինստիտուտները, որոնք թույլ են տալիս ապահովել հանրային համակեցության այն արդյունավետությունը, որը իր հերթին թույլ է տալիս ապահովել պետության համախառն ուժը: Այդ ուժն է տանում պատերազմի և հաղթանակի, կամ այդ ուժն է զսպում պատերազմի որևէ նկրտում և ապահովում խաղաղությունը:

Սա պարզագույն մի բանաձև է, որով Հայաստանը պետք է ապրեր նախորդ քառորդ դարը՝ Արցախի առաջին պատերազմում համախառն ուժի գերակայությամբ հաղթելուց հետո: Սակայն հետո Հայաստանում սկսեց գերակայել պատրանքը և հարստանալու գայթակղության, իշխանատենչության ուժը: Այդ ուժը տարեցտարի ավելի էր ամրանում, ավելի թուլացնելով պետության համախառն ուժի աստիճանը: Հետևանքը դժբախտաբար մենք տեսանք ապրիլյան քառօրյա պատերազմում:

Թավշյա հեղափոխությունը Հայաստանին տվել է ուժը վերականգնելու հնարավորություն: Այդ հնարավորությունը կամքի և խիզախության շնորհիվ պահեց բանակը քառօրյայի ընթացքում: Երկու տարի անց անելիքը փոխանցվել է նոր իշխանությանն ու հանրությանը, ապահովել Հայաստանի համախառն ուժի վերականգնում, ամրապնդում և գեներացիոն հզորություններ, որոնք թույլ կտան շարունակաբար բազմապատկել այդ համախառն ուժը հանրային համակեցության առօրյա ընթացքի արդյունքում: Հատկանշական է, որ Ալիևի հայտարարությունը փաստորեն համընկնում է Հայաստանում կառավարության գործունեության հնգամյա ծրագրի խորհրդարանական քննարկումներին:

Այդ քննարկումների ընթացքում հնչում են ամենատարբեր կարծիքներ, գնահատականներ, անդրադարձեր կառավարության գործունեության, պետության քաղաքականության ամենատարբեր ասպեկտներին և ուղղություններին: Այդ քննարկումների արդյունքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարեց նաև Արցախ հարցին և հայտարարեց, որ այստեղ նոր իշխանության քայլերը հեղափոխական են: Անկասկած, կան հատկանիշներ, որոնք թույլ են տալիս խոսել այդ մասին, սակայն մյուս կողմից, Ալիևի հայտարարությունն էլ իր հերթին հուշում է, որ այդուհանդերձ բուն հարցը հենց Հայաստանում հեղափոխությունն ամբողջացնելն է, որովհետև ամեն ինչ կախված է լինելու ի վերջո Հայաստանի՝ ներառյալ Արցախը, համախառն ուժից, այսինքն տնտեսություն, բանակ, մշակույթ և քաղաքակրթություն, հասարակական-քաղաքական կյանքի կազմակերպման և վերահսկման ինստիտուցիոնալ բազա:

Մենք դրանով կամ կհաղթենք ամեն օր, ասել է թե ամեն օր և ամեն հաջորդ օրվա համար կապահովենք խաղաղությունն ու մեր ուժի հաղթանակով արձանագրված ստատուս-քվոն՝ իր հերթին արդեն որպես մեր ուժի աղբյուրներից մեկը, կամ դրա բացակայությամբ տանուլ կտանք ամեն ինչ՝ հերթով, կամ միանգամից: Մի բան աներկբա է, որ այս հարցում կառավարության ծրագիրն ինքնին հույժ կարևոր, բայց այլևս շատ նեղ մի իրողություն է, որովհետև այդ հարցում մենք պետք է ունենանք համազգային ծրագիր, հասարակական-քաղաքական-ազգային-պետական կյանքի յուրաքանչյուր սուբյեկտ՝ Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում պետք է ունենա մեր համախառն ուժի իր բազային ծրագիրը կամ ծրագրային բազան, որտեղ հաջողության հենք կարող է լինել միայն այն գիտակցումը, որ Արցախի հարցում ուժն է ծնում իրավունք: Պարզապես մեր դեպքում, հայկական դիտանկյունից փոքր խմբագրությամբ՝ ուժը արդեն ծնել է իրավունք, և մեզ ուժ է պետք այդ իրավունքը իրացնելու համար:

  • Հեղինակ՝ Արամ Ամատունի

«Առաջին լրատվական»

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *