Հասարակություն Պատահարներ

Էջմիածնում «Շռամ» Մարգոն մոր ու քրոջ հետ կացնով սպանել է «սեմուշկա» ծախող հարևանուհուն, այրել դիակը

Загрузка...
2 707 просмотров

1993 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 11-ն անց 30 -ի սահմաններում Էջմիածնի կիսակառույց շինություններից մեկի մուտքում 50-60 տարեկան անհայտ կնոջ այրված-ածխացած դիակ հայտնաբերվեց:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մահը վրա էր հասել գլխի շրջանում բութ գործիքով հասցված բաց վնասվածք ստանալու արդյունքում: 4-րդ աստիճանի այրվածքների պատճառով հնարավոր չէր որոշել մահը վրա հասնելու ժամանակը:

Օրեր անց Էջմիածնի ՆԳ բաժնում ահազանգ ստացվեց՝ մի կին հայտնեց, թե արդեն 10 օր է՝ իր քույրը՝ 60-ամյա Սուսաննա Հ.-ն, բացակայում է տանից, նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

Իրավապահներն այցելեցին Սուսաննայի տուն, կոտրեցին դուռը և ներս մտան: Բնակարանում իրերը խառնված, տակնուվրա էին արված: Սուսաննան միայնակ էր ապրում, որդին գտնվում էր կալանավայրում: Սուսաննան իր ապրուստը հոգում էր՝ զբաղվելով արևածաղկի սերմի ու ծխախոտի վաճառքով:

Սուսաննայի սպանությունը բացահայտվեց կարճ ժամանակում: Իրավապահները Մասիսի շրջանի գյուղերից մեկում ժամանակավոր ապաստան գտած էջմիածինցի երեք կանանց՝ մորն ու երկու դուստրերին բերման ենթարկեցին ՆԳ բաժին:

Անհերքելի փաստերի ճնշման տակ մայրը՝ Էմման, նրա դուստրերը՝ «Շռամ» մականունով Մարգոն ու Լուսաբերը խոստովանեցին կատարածը:

51-ամյա Էմմա Վ.-ն ամուսնալուծված էր: Երկու աղջիկներից բացի՝ Էմման մի տղա էլ ուներ, որը գտնվում էր կալանավայրում: Նրա հետ կալանավայրում էր նաև այս գործով տուժողի՝ Սուսաննա Հ.-ի որդին՝ ահա թե ինչն էր «կապում» Էմմային ու Սուսաննային:

Նրանք հարևանությամբ էին ապրում, նույն կալանավայրում նրանց որդիների գտնվելը առավել մտերմացրել էր նրանց:

Փոխադարձ այցելությունների ընթացքում ոչ մի տեղ չաշխատող Էմման նախանձով էր լցվել մանր առևտրով զբաղվող ու «գումար աշխատող» Սուսաննայի նկատմամբ: Իսկ երբ Սուսաննան մի օր Էմմայի մոտ խոսել էր ունեցած մի քանի կտոր ոսկե զարդերի մասին, վերջինս կորցրել էր քունն ու հանգիստը:

Էմման տարբեր ուղիներ էր փնտրել՝ Սուսաննայի «հարստությանը» տեր դառնալու համար: Ի վերջո՝ նա որոշեց «գործը գլուխ բերել» դուստրերի մասնակցությամբ…

«Շռամ» Մարգոն ու նրա քույրը, ըստ դատական ակտի, հանցավոր համաձայնության եկան իրենց մայրիկի հետ: Կատարվեց դերաբաշխում:

Կալանավայրում գտնվող որդիներին այցելության գնալու հարցով Էմման 1993 թվականի դեկտեմբերի 9-ին իր տուն հրավիրեց Սուսաննային: Սուրճ հյուրասիրեց՝ նախապես սուրճի մեջ «կլոֆելին» գցելով…

Քիչ անց Սուսաննայի «աչքը կպավ»՝ նա քուն մտավ հենց նստած տեղը: Բայց Էմմայի դուստր Մարգոն այդ օրը աշխատանքից ուշ վերադարձավ, արյունոտ ծրագիրն իրագործել չհաջողվեց:

Էմման, սակայն, հանցավոր ծրագրից հետ չկանգնեց՝ նա Սուսաննային իր տուն կանչեց նաև հաջորդ օրը՝ դեկտեմբերի 10-ին: Միամիտ Սուսաննան, ոչինչ չկասկածելով, նորից նստեց Էմմայի սեղանի շուրջ ու խմեց «կլոֆելինով» սուրճը: Եվ դարձյալ քուն մտավ…

Էմման անմիջապես իր երկու թոռներին տարավ հարևանի տուն, որ տանը կատարվող զարհուրելի տեսարանին երեխաները ներկա չգտնվեն: «Շռամ» Մարգոն ձեռքն առավ կացինը…

Այդ ընթացքում զոհը հասցրեց թոթափել քունը և բացեց աչքերը: Նա հասկացավ, թե ինչ են ուզում անել «սրտացավ» հարևանուհիները: Խնդրեց-աղաչեց, որ չսպանեն, բայց Մարգոն վրա բերեց կացինը…

Հետո Սուսաննայի դիակը երեք կանայք՝ մայրն ու երկու դուստրերը, այրեցին ամայի շինության մեջ և վերադարձան տուն…

Վաղ առավոտյան հանցավոր եռյակը Սուսաննայի հարստությանը տեր դառնալու ակնկալիքով բացեց նրա տան դուռը՝ բանալին նախապես էին վերցրել: Փնտրեցին ոսկեղեն ու գումար, բայց ոչինչ չգտան… Սուսաննայի տանից նրանց հափշտակածն ընդամենը մի քանի ծածկոց ու վարագույր էր, կարագ, պանիր, դեռ չվաճառված մի քանի տուփ ծխախոտ…

Էմմա Վ.-ն դատապարտվեց 15 տարի, իսկ նրա դուստրեր Մարգոն ու Լուսաբերը՝ 14-ական տարի ազատազրկման:

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *